Դիջիթեք 2013-ի մեկնարկը խոստումնալից է

 

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում տեղի ունեցավ «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» հանրակրթական Դիջիթեք 5-րդ բաց ստուգատեսի կազմկոմիտեի հերթական հավաքը: Ներկա էին նաև ներկայացուցիչներ գործընկեր կազմակերպություններից՝ «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, հրատարակչության ծրագրերի ղեկավար Լեյլա Առաքելյանը, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանը:
Նախ բոլորս շնորհավորեցինք միմյանց՝ արձանագրելով Դիջիթեք 2013-ի հայտերի ընդունման սկիզբը: Այսօր, արդեն, ընդունվել է  երեսուն հայտ: Կատարվեց մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի փոփոխություն. հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 4-ը:
Հունվարի 13-18-ը կշարունակենք Դիջիթեքի տեղեկատվական թերթիկների բաժանման աշխատանքը փողոցներում, դպրոցներում, մարդաշատ վայրերում: Կիրականացվեն տեղեկատվության հեռարձակման այլ հնարավոր ձևեր: «Ինտերնյուսը» կտա հայտարարություն, հղում կայքում, Նիկողոսյան Նաիրան լրացրեց, որ լավ կլինի՝ «Ինտերնյուսը» կազմակերպի Դիջիթեքի մամլո ասուլիս: Թոքմաջյան Վահրամն առաջարկեց բողոքարկման կարգի ներդնում:
13 անվանակարգ, 13 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ. Սոկրատ Մկրտչյանը հավաստիացրեց, որ «Զանգակ» հրատարակչությունը կունենա պատվավոր մրցանակ: «Զանգակը» համագործակցության շնորհիվ նաև կշահի. կհայտնաբերի շնորհալի անձանց, անձինք կհայտնաբերեն իրենց...   
Լուսինե Գրիգորյանը փաստեց, որ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունն արդեն որոշել է մրցանակը. «նորարարական նախագիծ» անվանակարգում գլխավոր մրցանակը կլինի ֆլիպ վիդեո և աուդիո ձայնագրություն կատարող սարք, որն օգտագործում են նաև լրագրողները:
Անդրադարձանք նաև Դիջիթեքի օրերին միջավայրի յուրահատուկ ձևավորման անհրաժեշտությանը, մեր հնարավորությունների լայն շրջանակում ստեղծագործելու, ստեղծելու կարևորությանը. տաղավարը՝ դիջիթեքյան, խմորեղեղենը՝ դիջիթեքյան, հագուստները՝ դիջիթեքյան... 
   
 

Add new comment