Ամառային առաջադրանքներ Դիջիթեքից

Ուխա՜յ…
Ամառ, շոգ, լիքը ազատ ժամանակ… Դե սկսենք աշխատել, ստեղծագործել, երևակայել: Այս անգամ Հանրակրթական Դիջիթեքն առաջարկում է ամառային առաջադրանքներ արձակուրդը հետաքրքիր անցկացնելու համար :))) 
Ներքևում նշված դասարանային խմբերի մեջ գտիր քեզ համապատասխանն ու անցիր գործի…
Մաղթում ենք ուրախ ու արևային տրամադրություն…
 
1-4 դասարաններ
1. ա) Եվ այսպես, սկսենք… Որպես սկիզբ հորինիր մի Դիջի կենդանիկ-հրեշիկ, նկարիր, պատկերիր  նրան (համակարգչով, թե թղթով՝ որոշիր ինքդ): Հանկարծ չմոռանաս նրան անուն տալ:
 
բ) Նկարեցի՞ր, անուն դրեցի՞ր, դե ուրեմն անցանք առաջ: Հիմա էլ մի քիչ պատմիր, գրիր կենդանիկիդ մասին, որտե՞ղ է ապրում՝ մեր մոլորակո՞ւմ, թե միգուցե այլմոլորակային է, ո՞ւմ հետ է ապրում, ի՞նչ է սիրում լսել, ուտել… ինչ կապ ունի Դիջիթեքի հետ, մասնակցել է, ինչ է մտածում Դիջիթեքի մասին: Ի՞նչ չի սիրում, միգուցե ունի նախընտրած ֆիլմեր, երգեր, նկարներ, միգուցե մասնագիտություն էլ ունի, բա տարիքը… չմոռանաս ասել, թե քանի տարեկան է՝ դեռ երեխա է, թե՞ ծերուկ է…:
 
2. ա) Ֆիլմեր… ամռան շոգին ֆիլմեր դիտելը բավականին հաճելի է չէ՞, հատկապես երբ որ ընտանիքիդ հետ ես նայում, առաջարկում ենք երեք հետաքրքիր ֆիլմեր ընտանիքով դիտելու համար.
Ֆիլմերը դիտելուց հետո գրիր կարծիքդ նրանցից մեկի մասին, որն ավելի շատ հավանեցիր, դիտե՞լ էիր դրանցից որևէ մեկը… 
 
բ) Ո՞րն է ամենասիրածդ ֆիլմը, որի մասին կուզենաս պատմել: Էդ էլ գրիր, առաջարկիր մյուսներին: Հատկապես ի՞նչն ես սիրում այդ ֆիլմում, ո՞ր հերոսին ես սիրում, որի՞ն չես սիրում, ի՞նչ սովորեցիր ֆիլմից:
 
գ) Իսկ ի՞նչ ֆիլմեր կառաջարկես.
  • ծիծաղելու համար
  • տխրելու համար
  • ոգևորվելու համար 
  • հովանալու-զովանալու համար:
 
Այս բոլոր առաջադրանքների պատասխանները տեղադրիր բլոգումդ ու հղումն ուղարկիր այս էլ.հասցեին՝ emma.isakhanyan@gmail.com, եթե դեռ բլոգ չունես գրիր Word-ի ֆայլում և ուղարկիր…
Մաղթում ենք քեզ ուրախ ամառ և սպասում ենք պատասխանիդ…
 
5-6 դասարաններ
 
1. Ամառն այն եղանակն է, որի ժամանակ կարելի է անընդհատ ստեղծագործել, փորձեր անել…
ա) Ի դեպ փորձեր կարելի է անել տարբեր բնագավառներում, օրինակ խոհարարության մեջ: 
Գրիր քո ամենասիրած ուտելիքի մասին. կարողանո՞ւմ ես պատրաստել այդ ուտելիքը, բաղադրատոմսը կասե՞ս, եթե կարողանում ես պատրաստել մի փոքրիկ տեսանյութ նկարահանիր, որտեղ կպատմես ուտելիքի պատրաստման մասին…
 
բ) Գտիր հետաքրքիր պատմություններ կապված որևէ բանջարի կամ էլ մրգի հետ: Օրինակ լոլիկի պատմությունն էլ  է շատ հետաքրքիր. Քանի որ լոլիկը կարմիր է, մարդիկ մտածել են, որ այն թունավոր է: Հենց այդ «թունավոր» բանջարով էլ փորձել են թունավորել մի թագավորի, սակայն թագավորը փորձել է այն ու նրան նույնիսկ դուր է եկել: Ու էդպես մարդիկ սկսեցին լոլիկն օգտագործել սննդի մեջ:
 
գ) Մի քիչ էլ խոսենք Դիջիթեքից ու Դիջիղափամայից: Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ կապ ունեն Դիջիթեքն ու դդումը: Ինչո՞ւ ենք մեր կրթահամալիրում Դիջիթեքի վերջում Ղափամայի ծես կազմակերպում: Պատասխանիր այս հարցերին:
 
2. Լավ, քանի որ խոսք գնաց Դիջիթեքից, եկեք մի փոքր խոսենք Դիջիթեքի մասին…
ա) Հիշիր բոլո՜ր Դիջի մարդկանց քո կյանքում, ընտրիր նրանցից 10 ամենա-ամենադիջիներին: Լրացրու այս ցուցակը.
No Անուն, ազգանուն Ինչո՞ւ եմ ես նրան Դիջիմարդ համարում
1.    
2.    
3.    
4.    
5.    
6.    
7.    
8.    
9.    
10.    

բ) Իսկ հիմա բոլոր տասը մարդկանցից ընտրիր ամենա-ամենա-ամենա-ամենա-ամենա Դիջի մարդուն ու մի փոքր գրիր այն մասին, թե ինչու ես նրան Դիջի մարդ համարում, մի փոքր էլ պատմիր նրա մասին՝ որտե՞ղ է աշխատում, ի՞նչ մասնագիտություն(ներ) ունի, ի՞նչ կապ ունի Դիջիթեքի հետ, մասնակցե՞լ է Դիջիթեքին, թե՞ ոչ…

գ) Դու ինքդ քեզ համարո՞ւմ ես Դիջի մարդ: Պատասխանդ անպայման հիմնավորիր:

Բոլոր առաջադրանքները հավաքիր բլոգումդ ու հղումն ուղարկիր emma.isakhanyan@gmail.com էլ. հասցեին: 
Քեզ ուրախ ու հավեսով աշխատանքային տրամադրություն: Կսպասենք նամակիդ…
 
7-9 դասարաններ
 
1. ա) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը արդեն 8-րդ անգամն է, ինչ կազմակերպում է Հանրակրթական Դիջիթեք ստուգատեսը: Ի՞նչ ես կարծում, ո՞րն է Դիջիթեքի նպատակը և արդյոք այն տարեցտարի մոտենում է իր նպատակին: Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիր անել Դիջիթեքի ծրագրում կամ առհասարակ դրա կազմակերպման ձևի մեջ: Անպայման գրիր առաջարկություններդ և դարձրու Դիջիթեքը քոնը:
 
բ) Այսքան գրում ենք Դիջիթեք, Դիջիմարդ, Դիջիղափամա, Դիջիէս, Դիջիէն... Իսկ ինչո՞ւ հենց Դիջիթեք: Գրիր քո կարծիքը ու նաև առաջարկիր այլ հետաքրքիր անվանում մեր ամենադիջի ստուգատեսի համար: Միգուցե այն մեզ այնքան դուր գա, որ այդպես անվանենք ստուգատեսին:
 
2. Ամառ է` գիրք կարդալու իսկական ժամանակը: Սիրո՞ւմ ես գիրք կարդալ, եթե այո ապա որն է ամենասիրելի գիրքդ կամ գրքերդ, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ չես սիրում(ամեն դեպքում, կարդա շարունակությունը և կատարիր առաջադրանքը, լա՞վ): Հորինիր մի հրաշալի ու անկրկնելի ակրոստիքոս Դիջիթեք բառով: Թե չգիտես` ինչ է ակրոստիքոսը, ապա փնտրիր համացանցում և հաստատ կգտնես. դա նույնպես այս դիջիառաջադրանքի մի մասն է կազմում:
 
3. Ի՞նչ ժանրի ֆիլմեր ես սիրում դիտել: Եթե Սեբաստացի ես, ապա վստահ ենք, որ դու էլ ունես նկարած ֆիլմեր: Անկախ նրանից` Սեբաստացի ես, թե այլ ուսումնական հաստատության սովորող, մի քանի րոպեանոց ֆիլմ նկարիր քեզ հուզող որևէ խնդրի շուրջ ու անմիջապես անցիր գործի` խնդիրը վերացնելու համար:
 
Կատարված առաջադրանքները տեղադրեք ձեր բլոգներում ու հղումն ուղարկեք sahakyannar@mskh.am էլ.հասցեին: 
 
10-12 դասարաններ
 
1. ա) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը արդեն 8-րդ անգամն է, ինչ կազմակերպում է Հանրակրթական Դիջիթեք ստուգատեսը: Ի՞նչ ես կարծում, ո՞րն է Դիջիթեքի նպատակը և արդյոք այն տարեցտարի մոտենում է իր նպատակին: Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիր անել Դիջիթեքի ծրագրում կամ առհասարակ դրա կազմակերպման ձևի մեջ: Անպայման գրիր առաջարկություններդ և դարձրու Դիջիթեքը քոնը:
 
բ) Այսքան գրում ենք Դիջիթեք, Դիջիմարդ, Դիջիղափամա, Դիջիէս, դիջիէն... Իսկ ինչո՞ւ հենց Դիջի և թեք: Գրիր քո կարծիքը ու նաև առաջարկիր այլ հետաքրքիր անվանում մեր ամենադիջի ստուգատեսի համար: Միգուցե այն մեզ այնքան դուր գա, որ այդպես անվանենք ստուգատեսը:
 
2. Ամառ է` գիրք կարդալու իսկական ժամանակը: Սիրո՞ւմ ես գիրք կարդալ, եթե այո, ապա ո՞րն է ամենասիրելի գիրքդ կամ գրքերդ, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ չես սիրում կարդալ(ամեն դեպքում, կարդա շարունակությունը և կատարիր առաջադրանքը, լա՞վ): 
 
3. Մի որոշ ժամանակով չտեղափոխվե՞նք Ճապոնիա: Ծանո՞թ ես ճապոնական գրականությանը, ճապոնացի ի՞նչ գրողների գործեր ես կարդացել: Ասում են` ճապոնական պոեզիայի հնագույն ժանրերից մեկը` թանկան աշխարհում հայտնի է որպես արտակարգ նրբագեղությամբ և լակոնիկ ձևի բանաստեղծության տեսակ: Թանկաները հնգատող, 31 վանկանի բանաստեղծություններ են: Թանկաների առաջին տողը պետք է ունենա 5 վանկ, իսկ մյուս տողերը համապատասխանաբար 7,5,7,7-ական վանկեր:
Դե ինչ, դու արդեն գիտես, թե ինչպես են գրում թանկաներ: Ուրեմն հենց հիմա գրիր թանկա, ասենք` Դիջիթեքի մասին: Կարծում եմ` քեզ մոտ այն շատ լավ կստացվի:
 
Կատարված առաջադրանքները տեղադրեք ձեր բլոգներում ու հղումն ուղարկեք sahakyannar@mskh.am էլ.հասցեին:
 
Լուսանկարի աղբյուրը՝ ashotbleyan.mskh.am

Add new comment